01/04/2026
Նկարը` .asatryann ջանի
Պատումը` չխոստացված
Միայն քեզ բնորոշ հանգուդն բերկրանքով նայում ես հայելու մեջ ու ծիծաղկոտ ձայնում` դեե, սիրուն եմ էլիի, սի-րու՜՜՜ն:
Ձայնում ես, դադար վերցնում ու սպասում հաստատման:
Միայն քո մասին պատմող երազկոտ համառությամբ պնդում ես, որ դու... Ցասումով ես պնդում: Կրքաշա՜տ: Աներկբա համոզված: Ու նույն վայրկյանին էլ կասկածում ես:
Միայն քո` անընդհատ խախտվող օրենքով հաստատված չափահասության բարձունքից ա կյանքն էսքան մռայլ ու ծիածանագույն` րոպե չանցած:
Դու գիտես, բայց շարունակում ես շնչել անիմա բազմազանությունը, որ վաղ թե ուշ, եթե ոչ այսօր, վաղն անպայման ու անպատճառ ձանձրացնելու ա քեզ:
Դու որակում ես, վիճարկում, քննարկում, դիտարկում, վերադիտարկում, մշտադիտարկում ու կեսբառ ողբում` մոլորվել եմ:
Քո մտացածին տխրությունը հազար խինդ արժի: Քո չխաղացվող ուրախության պահին ուրանում ես աշխարհը:
Հետո մեղադրում բոլորին, որ շնչում են, քայլում երկու ոտքի վրա, հետո արդարացնում նրանց անմասն ու չպլանավորված գոյությունը:
Դու դեռ այնքան փոքր ես, բայց վաղուց մեծ: Այնքան սիրող ես, այնքան անձնվեր, այնքան ու այնպես հրեշավոր փախչող:
Խոստացել էի գրել քո մասին: Անխոստում եմ գրում:
Ուզում եմ չխոստանաս, բայց արարես:
Ուզում եմ մակերեսին տեսնես հոգուդ խորքը:
Ուզում եմ անպայքար հաղթես:
Ուզում եմ ոչ թե մոռանաս, այլ չհիշես:
Ուզում եմ շրջանցես ու ամուր կանգնած մնաս:
Ուզում եմ քո ու աշխարհի կարմիր լույսերը երբեք, լսում ես, երբեք չհամընկնեն, բայց հարգեն իրար:
Ուզում եմ փեշդ թափ տաս, որ սիրտդ լցնելու բան լինի:
Ուզում եմ մեռնելու չափ կարոտես: Ուղղակի: Կարոտես, որ չմեռնես:
Միայն քո կարդացած գրքերից ա լացի հոտ գալիս, որ հոգիդ չցամաքի:
Մենակ դու ես հասունանում` մեղքի վրա ոտք սրբելով, բայց աչքդ միշտ բաց ա անարդարության դեմ:
Մենակ իմ տողում դու բառագույն ես, իսկ երանգդ ինքդ որոշիր:
Քո ու հատվածավոր իրողության մեղմիկ մտերմությունը կյանքի պատմություն դառնալու պարծենկոտ հավակնություն ունի: Քեզ օդ ա պետք: Որ ազնիվ արտաշունչ երկնես: Էդ օդը դու ես:
Քեզ դու ես պետք: Որ գրկեք իրար ու հաշտվեք` վաղն ևէթ իրար հոշոտելու մանկական կամքով:
Քեզ դու ես պետք: