19/07/2020
Վարդավառյան տոնակատարության խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում Իր արարած աշխարհին, աստվածակերպության ներուժը կրող մարդուն:
Եկեղեցական այլաբանության մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է Քրիստոսի կերպարը: Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները:
Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում:
Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:
Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցրել բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր են շփել չխոսկան հարսները տան ավագների վրա, ու ոչ ոք չի դժգոհել կամ վիրավորվել. դա նաև ապացույցն է այն խոնարհության, որով հայ մարդը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել սեփական սխալներից մաքրագործումը` ում ձեռքից էլ այն լինի: